Կիևում խոստովանել են, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ նախապատրաստվում են Ղրիմի համար պատերազմին: Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի՝ Ուկրաինայի պատվիրակության մամուլի քարտուղար Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է lenta.ru-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի «Defender Europe 2021» զորավարժությունների շրջանակներում կմշակվի Ռուսաստանի հետ պատերազմական առճակատման իրավիճակ: Արեստովիչը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում կլինեն Բալկանները, Ղրիմը և դրանից հյուսիս ընկած տարածքը:
Նշվում է, որ Սառը պատերազմից ի վեր Defender Europe 2021-ը ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունն է, որը կանցկացվի մայիս-հունիս ամիսներին:
Նշվում է, որ Դաշինքի գործընկեր երկրներից ակտիվորեն ներգրավված են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:
Հիշեցնենք, որ Կիևի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2014-ի մարտին Ղրիմը Ռուսաստանին միավորելուց և նույն տարվա ապրիլին Դոնբասում հակամարտության բռնկումից հետո: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասը հռչակեց անկախություն: Կիևը փորձեց գրավել ապստամբ շրջանները, սակայն ապարդյուն: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմն ու Դոնբասն օկուպացնելու համար, մինչդեռ Մոսկվան իրեն հակամարտության կողմ չի համարում: