Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կանխել են պետական հեղաշրջման փորձը, որին մասնակցել է նախկին (մինչև 2004 թվականը) գահաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնը, հաղորդում է The Washington Post-ը:
Հորդանանի նախկին գահաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնի շրջապատում, որը տնային կալանքի տակ էր հեղաշրջման փորձի մեղադրանքով, եղել են մարդիկ, որոնք կապված են «օտարերկրյա ուժերի» հետ, հայտարարել է երկրի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Այման Սաֆադին մամուլի ասուլիսում, գրում է Saraya-ն ապրիլի 4-ին:
40-ամյա Համզա բեն Հուսեյնը՝ Հորդանանի նախորդ թագավոր Հուսեյնի սիրելի որդին, ծրագրում էր տապալել թագավոր Աբդալլահ 2-րդին, հայտնում են երկրի իշխանությունները:
Սաֆադին հայտարարել է, որ հատուկ ծառայությունները երկար ժամանակ հետևել են արքայազն Համզայի և այլ դավադիրների գործողություններին և տեղաշարժերին:
«Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև շփումներ արտերկրում, որոնց հետ քննարկվել է հեղաշրջման և երկրի ապակայունացման համար ամենահարմար ժամանակը», – ասել է նա։
Նշենք, որ խոսքը վերաբերում է նաև, այսպես կոչված, «օտարերկրյա ընդդիմությանը»:
«Ապացուցված է, որ նա համակարգել է իր գործողությունները ֆինանսների նախկին նախարար Բասեմ Ավադալայի հետ»,-հավելել է փոխվարչապետը։
Բացի այդ, նա հայտարարել է, որ դավադիրները ձերբակալվել են այն պահին, երբ պլանավորման փուլից անմիջապես անցել են միապետին տապալելու փորձին:
Համզա բեն Հուսեյնը հերքել է մեղադրանքները, թե մասնակցել է թագավորի դեմ դավադրությանը։ Տեսանյութում արքայազնն իր տնային կալանքի պատճառը համարել է այն, որ նա մասնակցել է այն հանդիպումներին, որտեղ քննադատել են թագավորին և կառավարությանը:
Հորդանանցի լրագրող Ռանա Սվեյսը BBC News-ին պատմել է, որ արքայազն Համզան մեծ ժողովրդականություն է վայելում Հորդանանում, մասնավորապես, տեղի ցեղերի շրջանում:
ԱՄՆ-ն և արաբական երկրները իրենց աջակցությունն են հայտնել գործող իշխանություններին Հորդանանում: