ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար ակնհայտ է, թե ով է գլխավորելու իրենց ընտրական ցուցակը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Մակունցն ասաց, որ ցուցակի կազմին մայիսից շուտ չեն անդրադառնալու:
«Կմշակենք մեխանիզմը, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցուցակը: Չի բացառվում նաև նոր անունների առկայությունը ցուցակում»,- ասաց Մակունցը:
Մակունցը շարունակում է պնդել, որ իշխանական կուսակցության վարկանիշն ամենաբարձրն է՝ մյուսների հետ համեմատությամբ։
Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը չգիտի՝ ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ կլինի։
Նա վստահեցրեց, որ վարչապետի հրաժարականի թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել, բայց ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ընտրությունների գնալու են միայն համամասնական ընտրակարգով, թե՞ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալուց հետո այլ փոփոխություններ ևս արվելու են:
Ըստ Լիլիթ Մակունցի՝ եթե կլինեն դրույթներ, որոնք ընտրական գործընթացն ավելի կպարզեցնեն, ապա կընդունենք դրանք։
«Երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այդ ժամանակ, այո՛, կքննարկենք այդ հարցը, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար, և որոնք կհետաձգվեն: Դա արդեն խորհրդարանում կքննարկվի, և կորոշենք»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․