Իշխանությունների ոչ գրագետ գործողությունների հետևանքով մենք չկարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը։ Բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել։ Հայոց պատմության ընթացքում կարմիր թելի նման անցել ու մեզ է փոխանցվել այն սկզբունքը, ըստ որի՝ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել, բայց այս իշխանությունների օրոք այդ գաղափարը ջախջախվեց։ Այսօր Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«2018-ից սկսած խոշոր հարված հասցրեցինք մեր քաղաքական ռեսուրսներին։ Տարիներ ի վեր մենք բանակցային ներուժ ենք հավաքել, բայց այս իշխանությունների անգրագետ գործունեության ընթացքում ռեսուրսները ոչնչացվեցին, ինչը հակառակորդի համար հնարավորություն դարձավ՝ մարտական գործընթացներ սկսելու առումով։ Այս իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում նաև ժողովրդագրական խնդիրների վրա։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդը բարոյալքված ուզում է հեռանալ մեր հայրենիքից։ Այս դժվարին իրավիճակում պետք է ոչ թե նայել այս իշխանություններին, այլ պետք է հեռացնել նրանց ու ամուր կառչել այս հողից»,-նշեց Ս․ Օհանյանը։