Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Նա արձանագրել է, որ գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում են՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր են իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ կապված որոշում են կայացրել:
«Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:
Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,- ասել է վարչապետը: