ՌԴ գլխավոր դատախազի աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 8-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմամբ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Երկու երկրների գլխավոր դատախազները բարձր են գնահատել իրենց ղեկավարած կառույցների միջև ձևավորված գործընկերության մակարդակը, որի առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ երկուստեք ակտիվորեն գործադրվում են բոլոր հնարավոր կառուցակարգերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Բարձր գնահատելով պատերազմի դադարեցման հարցում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, ինչպես նաև Արցախում խաղաղության և կայունության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի կատարած աշխատանքը, իրավական բնույթի խնդիրների լուծման նպատակով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև գործող մշտական ամենօրյա կապը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության երաշխիք հանդիսանալ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ և ապացույցներ, ինչի առնչությամբ ՌԴ դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: