«Nouvelles d’Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների իրական սպառնալիքի մասին:
Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքներին»,-մեջբերել է լրատվամիջոցը՝ նշելով նաև այն, որ այս փաստը ևս վկայում է Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 04:00-05:00-ի սահմաններում Կապան-Երևան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ: