Այսօր ստեղծված հիմնական խնդիրն այն է, որ մինչև հիմա իշխանությունները չեն կարողանում հստակեցնել, թե ով է գերեվարված, ով է անհետ կորած։ Տարբեր թվեր են հայտնվում, տարբեր ցուցակներ կան։ Ծնողները թյուրիմացության մեջ են։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երրորդ ուժ» կուսակցության հիմնադիր Արտակ Թովմասյանը։
«Ի՞նչ է ծնողների ուզածը։ Որ իրենց՝ հայրենիքի համար զոհված որդու ինչ-որ մի մասնիկը գերեզման ունենա։ Այդ հարցն էլ չեն կարողանում լուծե՞լ»,- ասաց Թովմասյանը և հավելեց, որ ինքն անհետ կորածների ու գերեվարվածների ծնողների մոտ հեղինակություն է վայելում, քանի որ առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ օգնի նրանց։
Եթե Կառավարությունը բավարար չափով աշխատեր, այս վիճակը չէր լինի, համոզված է Թովմասյանը։ Նա կարծում է, որ իշխանությունները նաև բավարար անկեղծ չեն։ Մինչև հիմա անգամ հստակ ցուցակներ չեն ներկայացվում։
«Երրորդ ուժ»-ի ղեկավարը կարծում է, որ դա գալիս է նրանից, որ իշխանություններն էլ ավելի մեծ աղմուկից են խուսափում՝ թոքուն պահելով անհետ կորածների ու գերեվարվածների ամբողջական ցուցակները։