«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին:
Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, եւ, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել»:
«Իրավունք» թերթը գրում է․ «Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական լարված իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Դեռ որեւէ մեկը չգիտի, թե ով կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակի հնարավոր անցողիկ տեղերում, իսկ ով` ընդհանրապես դուրս կմնա ցուցակից:
Ամեն դեպքում, մեզ հասած շշուկների համաձայն, բավականին մեծ անակնկալներ են սպասվում ցուցակում` իհարկե, ում համար հաճելի, ում համար էլ` բավական տհաճ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ է։ Քաղաքական հարթակում գործող ընդդիմադիր ուժերը իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ փորձում են ամուր դիրքավորում ապահովել եւ արժանանալ հանրության մեծամասնության վստահությանը։ Մյուս կողմից էլ՝ վերջին շրջանում մեծ թափով նոր կուսակցություններ ու շարժումներ են մուտք գործում քաղաքական հարթակ։ Գրեթե օր չկա, որ այդպիսի նորեկի մասին չհայտարարվի: Այս գործընթացի արդյունքում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվը հասնում է մոտ 100-ի՝ չնայած սրանց մեջ քիչ չեն, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունները»»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտում հույս ունեին, որ կհաջողվի համախմբել հիմնական ուժերին եւ եթե ոչ մեկ ընդհանուր ճակատով գնալ ընտրությունների, ապա գոնե մի քանի մեծ բլոկներով, ինչը նաեւ ընտրողի մոտ հույսեր կարթնացներ եւ ուժերի հավասարակշռությունը կթեքեր դեպի ընդդիմությունը։
Սակայն այս օրերին ընդդիմադիր շատ գործիչներ մեծ հիասթափություն են ապրում, քանի որ ակնհայտ է՝ մեծ համախմբում չի ստացվում, անգամ կարող է փոքր համախմբում էլ չստացվել։ Եվ ներքին քննարկումներում մատնացույց են անում դրա հիմնական մեղավորներին՝ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Ասում են, որ վերջիններս ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան Նիկոլ Փաշինյանի։ Մինչդեռ եթե նրանք մի կողմ դնեին տարաձայնությունները եւ միավորվեին, ապա Նիկոլի հարցերն արագ կլուծվեին»։
«Ժողովուրդը»-ը գրում է․ «Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։ Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում:
Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը բացատրեց. «Այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի»: