««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ նիստում:
Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ բոլոր պետական մարմիններում աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման հարցում պետք է լինեն միասնական կանոններ: Այժմ միջանկյալ լուծումներ են տրվում:
Հեղինակներն առաջարկում են օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ:
Բարձրագույն պաշտոնների համար նախատեսվում է բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա փորձ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային փորձ:
Գլխավոր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
Ստորաբաժանման ղեկավարի, այդ թվում՝ ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում կպահանջվի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:
Առաջատար պաշտոնների դեպքում կպահանջվի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը նկատեց, որ ԱԺ աշխատակազմի գործունեության կազմակերպման առանձնահատկությունները սահմանող օրենքը պետք է ընդունվեր մինչեւ 2020 թ. հուլիսի 31-ը, սակայն երկրում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ այն հետաձգվեց: Ըստ պատգամավորի՝ այս նախագծով ակնկալվող արդյունքին հնարավոր էր հասնել միայն այդ օրենքի ընդունումից հետո: Առաջարկվող տարբերակը ժամանակավոր լուծում է լինելու: