ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ»-ին, որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
««Պուրակում» ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան՝ մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, փաստորեն, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը միանշանակ դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից։ Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն։ Սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը։ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ»,- ասաց Քոչարյանը, նշելով, որ մենք էլ մեր հերթին պետք է առանց քաղաքական երանգ տալու՝ մեր պարտության պատճառները վեր հանենք։
«Այս օրերին ակնհայտ քաղաքական նպատակներով ակտիվ շահարկվում է գերիների հարցը, որի նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում։ Բազմիցս նշել եմ՝ նմանատիպ թեմաները անտեղի հանրային քննարկման առարկա դարձնելը ոչ միայն որևէ ձևով չի օգնում գերիների վերադարձին, այլև ուղղակիորեն խանգարում է այդ գործընթացին։ Անկախ նրանից՝ այդ ցավը մեր սեփական ընտանիքին է պատկանում, թե ոչ, պատերազմի ընթացքում գերի ընկած յուրաքանչյուր անձ, հերոսաբար ընկած կամ կենդանի մնացած յուրաքանչյուր զինվոր մեր տան անդամն է և մեր պետության արժեքավոր քաղաքացին»,- ասաց պատգամավորը: