ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու որոշումներին։
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում են գրել: Ի դեպ, արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել: Նրանց թվում բարձրաստիճան պաշտոնյաներ են։
«Այս անձինք հստակ հրահանգով դուրս են եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից։ Նրանց շարքերում կան փոխնախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այսպես իշխանությունը արհեստականորեն արգելակում է ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ազատորեն նշանակի նրան, ում ցանկանում է։ Այս քայլով ավելի է ծանրացվում արդեն երկու տարի ղեկավար չունեցող բուհի դրությւունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից միասնաբար դուրս գալու սաբոտաժով իշխանությունը հարված է հասցնում պետական որոշ պաշտոնյաների ռեպուտացիային։ Այս մարդիկ, փաստորեն, հրաժարվում են համալսարանի նկատմամբ իրենց ստանձնած պատասխանատվությունից»,-ասաց պատգամավորը։