ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին երեք անգամ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու դրանց չկատարմանը:
ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ որոշել է ծանր զիջումների ճանապարհով հասնել հրադադարի։
«Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: ԱԽ այդ նիստին մասնակցել են հանրապետության նախագահն ու Վեհափառ հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ կատարվող իրադարձությունների մասին»,-պատմեց Փաշինյանը։
Նա մանրամասնեց, որ դրանից հետո կապ է հաստատել ՌԴ նախագահի հետ և ասել՝ ուզում են հրադադար՝ Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով:
«Պարզվել է, որ Ադրբեջանը չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր պահանջը, միաժամանակ պահանջեց, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը չկապվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ:
Նաև մի նոր դետալ կա, որի մասին ես նախկինում չեմ ասել: Ակնկարկ է եղել, որ ոչ թե պետք է լինի 5+2 տարածքների վերադարձ, այլ՝ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»,- շեշտեց վարչապետը՝ նշելով, որ Ադրբեջանը չի ընդունել նաև ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը: