Շատ է խոսվում այն մասին, որ մատակարարումների և, մասնավորապես, բանակի մատակարարումներն ուղեկցվել են կոռուպցիայով՝ ոչ միայն հեղափոխությունից առաջ, այլ դրանից հետո։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում բյուջե 2020-ի կատարողականը ներկայացնելու ընթացքում։
«Ես ձեզ անկեղծ ասեմ՝ կան հարուցված քրեական գործեր։ Դա համակարգային կոռուպցիա չի եղել, եթե նույնիսկ եղել է․․․ Երբ ես 2016 թվականին ԱԺ պատգամավոր եմ եղել և կամավոր եմ եղել Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում և շփվել եմ ԶՈւ հետ՝ ամենաբարձր մակարդակով, մի հարց է դրվել, որ ամենամեծ պրոբլեմը սպայական աշխատանքի գրաչվության հարցն է, որովհետև ստանում են շատ ցածր աշխատավարձեր։ Մենք եկել ենք ու 1 տարվա ընթացքում աշխատավարձերը էական բարձրացրել ենք»,- ասաց Փաշինյանը։
Ինչպես ներկայացնում է, որոշ ծառայողների աշխատավարձն ամսական մինչև 50 000 դրամով բարձրացել է։
«Մենք բանակին մատակարարել ենք ամեն ինչ։ Սննդի հարց է եղել՝ լուծել ենք, հագուստի հարց է եղել՝ լուծել ենք․․․»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց նաև, որ երեկ ԱԽ-ում քննարկման ժամանակ աղյուսակ կար, թե 2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ինչ ձեռքբերումներ են եղել մեր ԶՈւ-ում։ ԶՈւ-ի ֆինանսավորումը բյուջեով մենք ավելացրել ենք միանգամից 28 տոկոսով, ասաց վարչապետը։