ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը։ Այս մասին Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս հարցում Հայաստանն իր դիրքորոշումը բազմիցս հայտարարել է։
«Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում»,- ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով՝ համանախագաները փաստում են, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կիրառվում։ Համանախագահները կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ իրականացնելու մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձությունը։
«Սա հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր վրա վերցրած հանձնառությունները, միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից», – նկատեց նախարարը։
Այվազյանը նշեց, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի դրանք տեղի ունենան, նախևառաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և հստակ օրակարգ ձևակերպել։
«Ադրբեջանն իր ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը։ Ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, կոչ անել Ադրբեջանին, որ վերջ տա հայահայկական քարոզչությանը», – ասաց ԱԳ նախարարը։