Տեխնիկական խնդիրներ կան Բոինգ 737 ինքնաթիռի հետ կապված։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում առևանգված ինքնաթիռի վերադարձի հարցը։
Նա հիշեցրեց, որ այս խնդրի հարցով քրեական գործ կա հարուցված, և իրավապահ մարմիններն աշխատում են պատճառները պարզելու ուղղությամբ։
«Հայաստանն այս գործընթացի մեջ դերակատարում չի ունեցել։ Այն ինչ տեղի է ունեցել, մեր պատկան մարմինները մասնակցություն չեն ունեցել։ Ինքնաթիռը գրանցված է եղել ՀՀ-ում, բայց երբևէ ՀՀ-ում չի եղել։ Այդ ավիաընկերությունը գրանցել է երկու ինքնաթիռ, որից մեկը մեր երկրում երբևէ չի եղել։ Թռիչքը գրանցված է եղել մի ուղղությամբ, բայց թռիչքը կատարել է մեկ այլ ուղղությամբ։ Այստեղ տարընկալման հարց չկա։ Դուք ամեն անգամ ասում եք՝ ՀՀ-ից ինքնաթիռ է անհետացել։ Այդ ինքնաթիռը ՀՀ չի մտել։ Մի խեղաթյուրեք իրականությունը»,- վրդովվեց Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանից Բոինգ 737 ինքնաթիռ է առևանգվել։
Հետո Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս էլեկտրականության անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում: