Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում։ Այս մասին վարչապետը հայտարարեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի։ Երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, կրկին վարչապետ չեմ ընտրվի։ Աժ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ 2021 թ. հունիսի 20-ին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց, որ բոլոր գործընթացները տեղի կունենան ըստ ընթացակարգի։
Վարչապետի կարծիքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք այլ ճանապարհով կգնան և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, կգործեն քաղաքական ինքնասպանություն։
Ըստ վարչապետի, սակայն, ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի։