Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարչապետ Փաշինյանին հարց ուղղելով նշեց, որ մի խումբ հայրենակիցներ հանդես են եկել առաջարկությամբ՝ ստեղծել հանձնաժողով, այսպես կոչված, ճշմարտության հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի ընթացքը, նախապատերազմական ընթացքի բացթողումները:
«Հիմա ո՞րն է այս հարցով կառավարության մոտեցումը, քանի որ նշում են, որ բարեփոխումները պիտի հաջորդեն վերջնական եզրակացությանը, բայց Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ բարեփոխումները մեկնարկել են»,- վարչապետից հետաքրքրվեց պատգամավորը:
«Բարեփոխումները մեկնարկել են, բայց մեկ-երկու օրում դրանք չեն ավարտվի հաստատ, տարիներ են տևելու: Ճշմարտության հանձնաժողովի ստեղծման հետ ես համամիտ եմ: Օրինակ՝ Շուշիի անկման հետ կապված ես էլ հարցեր ունեմ ու կոնկրետ անձանց հարցեր ունեմ: Որովհետև ես բախվում եմ մի իրողության հետ, որ պետք է գնահատենք, թե աստիճանակարգով եկած զեկույցները ինչքանո՞վ են եղել ճշմարտացի: Եղե՞լ են այդ զեկույցներում իրականությունը խեղաթյուրող տվյալներ: Այո՛, ճշմարտության հանձնաժողովը պետք է ստեղծվի: Բայց… Ինչպես գիտեք Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծեցինք: Հանձաժողովն աշխատել է և եզրակացությունը կա, բայց այդ եզրակացությունը մինչև հիմա չի հրապարակվել, ինչու՞, որովհետև այնտեղ պետական գաղտնիք պարունակող հսկայածավալ նյութ կա: Այդ զեկույցը պետք է լինի ի գիտություն պետական կառավարման մարմիններին, որովհետև այնտեղ կան հարցերի կոնկրետ պատասխաններ, բայց այդ հարցերի կոնկրետ պատասխանները չի կարելի հրապարակայանացնել, որովհետև դրանք վերաբերվում են հույժ գաղտնի տեղեկատվությանը: Մենք, ի դեպ, փորձաքննություն ենք արել, թե այդ զեկույցից ինչն է, որ հույժ գաղտնի տեղեկատվություն է պարունակում և պարզվել է, որ զեկույցի շուրջ 90 տոկոսը պետական գաղտնիք է, հրապարակման ենթակա չէ: Հարց, բա ինչո՞ւ է այդ աշխատանքն արվել, արվել է այդ ինֆորմացիան հետագա բարեփոխումների ժամանակ հաշվի առնելու համար»,- պատասխանեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: