Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը հարց է ուղղել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։
«Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով»,- պատասխանել է Նաղդալյանը:
Այս ամենը, ըստ նրա, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։
«Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին»,- ասել է Նաղդալյանը: