ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
«Կողմերն ընդգծեցին, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան:
Զինաիդա Գրեչանին վերահաստատեց Մոլդովայի խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական եւ գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,-ասաց նա:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների»,- ասված է հաղորդագրությունում: