Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լևան Լոսելիանին և Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը և նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը և հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:
Արչիլ Թալակվաձեն աջակցություն է հայտնել Հայաստանի առաջընթացին և զարգացմանը՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խաղաղությանը և խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն:
Նշելով, որ տարածաշրջանում առկա են նաև այլ մարտահրավերներ, այդ թվում կորոնավիրուսի համավարակ, Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով:
«Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, կամ գերտերություններ: Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը: