Հայաստանի նախկին նախագահի փեսան, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները ներկայում զբաղված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակմամբ:
«Նիկոլի թիմն այժմ զբաղվում է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Այն, ինչ խոսակցական լեզվով կոչվում է խաղաղության պայմանագիր: Իսկ փաստերի լեզվով ՝ կապիտուլյացիայի վավերացում միջազգային իրավունքի մեխանիզմներով», – գրել է Մինասյանը:
Ըստ նախկին դեսպանի, այս հարցում ՀՀ վարչապետը «վայելում է բոլոր արտաքին խաղացողների աջակցությունը՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, լռություն պահպանող՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, Ադրբեջանի դեմ ՄԱԿ-Ի պատժամիջոցներն արգելափակող Մեծ Բրիտանիայի»:
«Բոլոր արտաքին դերակատարները պատրաստ են ապաշրջափակել տարածաշրջանը Հայաստանի ապագայի գնով, բացառությամբ, թերևս, Ռուսաստանի», – գրել է Մինասյանը: