Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել ապաէսկալացնել Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը ՝ ընդգծելով, որ լարվածության առկա մակարդակն իր տեսանկյունից անարդյունավետ է: Համապատասխան հայտարարությունը Ֆրանսիայի առաջնորդը արել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այս իրավիճակն անընդունելի է, և Ռուսաստանը պետք է իրականացնի իրավիճակի ապաէսկալացիա, դա ակնհայտ է։ Այժմ ստեղծված իրավիճակը և սահմանային լարվածության մակարդակը բացարձակապես հակաարդյունավետ են և անընդունելի։
Մենք այժմ ցանկանում ենք քաղաքական գործընթաց, որպեսզի որոշ ուկրաինական տարածաշրջանների հետ հարցեր լուծենք», – հավելել է Մակրոնը:
«Ես միանշանակ կողմ եմ Ռուսաստանի հետ բանավեճին, Ռուսաստանի հետ բաց, հանգիստ և հարգալից բանավեճին», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նշել է, որ պետք է ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը։
«Եվ ԱՄՆ-ն, Եվրոպան, մենք բոլորս պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրենք Ռուսաստանի նկատմամբ։ Մենք երբեք չենք ընդունի նոր ռազմական գործողություն ուկրաինական տարածքում, և մենք պետք է դրա վերաբերյալ վստահություն ներշնչելու միջոց գտնենք», – ասել է Մակրոնը։