ԱՄՆ-ի ավիացիոն իշխանություններն իրենց ավիաընկերություններին խորհուրդ են տվել զգուշորեն չվերթներ իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքներում՝ ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի վերջին ավելացման պատճառով, հաղորդում է Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը:
ԱՄՆ Տրանսպորտի Դեպարտամենտի դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հաղորդագրություն է հրապարակել, որում ընկերություններին խորհուրդ է տվել հատկապես զգույշ լինել Մոսկվայի և Դոնի Ռոստովի, ինչպես նաև Դնեպրի, Կիևի և Սիմֆերոպոլի վրայով թռիչքների ժամանակ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 31-ին The New York Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ պետական ապարատի պաշտոնյաներից մեկին, հայտնել էր, որ Ռուսաստանն իբր իր զորքերը ձգում է Ուկրաինայի հետ սահմանին: Մարտի 30-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Հոմչակը: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը լրացուցիչ զորամիավորումներ է ուղարկել Ռոստովի, Բրյանսկի և Վորոնեժի մարզեր։