«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի որ տարբեր հարցումներ ցույց են տվել, որ ՀՀ-ում քաղաքականապես չկողմնորոշված որոշ զանգված թեքվում է դեպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, իշխանությունը որոշել է ոչնչացնել նրանց ձայները:
Լուրեր են պտտվում այն մասին, որ պատերազմից հետո Արցախի սոցիալական հարցերի նախարար դարձած Մանե Թանդիլյանին իշխանությունները որոշել են բերել, դարձնել «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության լիդեր: Նպատակն այն է, որ նախկին ԼՀԿ-ականը կարողանա Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի ձայներից պոկել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բարձրագույն դատական խորհուրդ էր ժամանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ ԲԴԽ շենքի դիմաց կայանված էր ՊՆ 0001 պետհամարանիշով Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որը սպասարկում է նրան։ Մեքենայի մոտ նախարարի անվտանգության աշխատակիցներն էին ու եւս մեկ ուղեկցող ամենագնաց։
Փորձեցինք պարզել, թե գործադիր իշխանության ներկայացուցիչն ինչու է այցելել դատական իշխանության բարձրագույն մարմին, սակայն ԲԴԽ-ից մեզ պատասխանող չեղավ։ Ամենայն հավանականությամբ, Վաղարշակ Հարությունյանը եկել է օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնն ու աշխատասենյակը «զավթած» եւ իրեն արդեն ԲԴԽ նախագահ զգացող Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման՝ քննարկելու, ասենք, Օնիկ Գասպարյանին առնչվող վարույթը, որը քննվում է վարչական դատարանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունների նպատակները՝ հերթական անհնազանդին պատժելու հարցով, ձախողվել են: Ապրիլի 17-ի համարում գրել էինք, որ քաղաքական իշխանությունը հրահանգ էր իջեցրել ուժային կառույցներին «կոմպրոմանտներ» հավաքել նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ:
Նպատակ կա «կոմպրոմանտներ» հավաքելով քրեական գործեր հարուցել նրա նկատմամբ եւ նրան ներգրավել որպես մեղադրյալ: Սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ որոնողական աշխատանքները անարդյունք են եղել, եւ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որեւէ բան չեն կարողացել գտնել:
Ասել է թե` քրեաիրավական բնույթի ոչինչ չկա նրա գործունեության, անցյալի մեջ: Ու այս պահի դրությամբ չկա որեւէ տարբերակ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու: Այսինքն` կան անհնազանդներ, որոնց անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ տանել ճաղերից այն կողմ, թեեւ իշխանական քարոզչությունից ակնհայտ է, որ մինչեւ հունիսի 20-ը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է 2020-ի պատերազմի հիմնական մեղավոր նշանակել Օ. Գասպարյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգեւորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե ընտրությունների բուն փաստից են ոգեւորված, այլ նոր «աշխատատեղեր» բացվելու։
Բանն այն է, որ վերջին շաբաթներին որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում եւ համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, որոնք ընտրությունների ժամանակ կդարձնեն նախընտրական շտաբներ եւ այդ շտաբներում աշխատողներ են ընդունում։
Մեզ ասացին, որ հատկապես ակտիվ է իշխող «Քաղպայմանագիրը», որը նախորդ ընտրություններից հետո փակել էր իր բոլոր գրասենյակները։ 60-ից ավելի գրասենյակ է մարզերում բացել Արթուր Վանեցյանը»:
«Իրավունքին» հասած խոսակցությունների համաձայն՝ իշխող «Իմ քայլը» դաշինքում մեծ հույսեր են կապում Եվրոպայի առաջնության հետ:
Հիշեցնենք, որ այն այս տարի սկսվելու է հունիսի 11-ին 13 քաղաքներում, որոնց թվում է նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:
Իշխանական վերին օղակներում կարծում են, թե Եվրոպայի առաջնությունից առաջ կամ ընթացքում՝ որպես «բարի կամքի դրսևորում», կվերադարձվեն ռազմագերիներ՝ ապահովելով ինչպես Ադրբեջանի միջազգային փիառը, այնպես էլ նախընտրական շրջանում իմքայլականների վարկանիշի բարձրացման հարցը»: