ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում․ խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է նաև 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:
Նշենք, որ մարզպետարանի շենքի դիմաց հավաքվել են քաղաքացիներ, որոնք ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիա են անցկացնում։
Հիշեցնենք, որ վարչապետը երեկ Սյունիքի մարզ է մեկնել։ Այսօր Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում ընդդեմ վարչապետի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Հավաքված բնակիչները պահանջել են, որ վարչապետը հեռանա իրենց մարզից։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ Facebook-ում գրել էր, որ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։
Հավելենք նաև, որ Սյունիքում վարչապետին ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: