«Գիտեք, 44-օրյա պատերազմը, ցավոք, մեզ համար այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Եվ մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել:
Շատ քննարկվում է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքը, և կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվել է, համենայնդեպս – հիմա կա նաև այլ գործոն, իհարկե, ռուս խաղաղապահների գործոնը Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում – Հայաստանի մասով մինչ այս պահն էլ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները ներառյալ և այդ սահմաններից ներս:
Իսկ ինչպիսի՞ն են այդ սահմանները: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ սահմանները Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է և տեղորոշել է – արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ – «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով՝ ընդունված 2010 թվականի մայիսի 24-ին, որտեղ վարչական սահմաններն են գծվել: Հիմա, այդ օրենքի հավելվածից ի՞նչ ենք կարդում, ի՞նչ են սահմանել՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: Շուռնուխ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն): Հաջորդ պարբերությունը՝ Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծը՝ «Ա»-«Բ»: «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:
Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքը, 2010 թվականին ընդունված օրենքով, նկարագրել է իր տարածքը, այն տարածքը, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագիրը գործում է:
Բոլորիս ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանի հետ, այլ գրվել է, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանի հետ: Եվ սրանք են այն շղթայական իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին:
Բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրը հետևյալն է, և ես ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել: Հարցը պետք է բաժանել 2 մասի՝ առաջինը՝ սահմանի պահպանությունը, երկրորդը՝ երկրի անվտանգության պաշտպանությունը: Սահմանային անվտանգությունը, ինչպես արդեն պայմանավորվել ենք և կատարել ենք համապատասխան որոշումներ, պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ արդեն անվտանգային հարցերով՝ բնականաբար, մեր բանակը, մեր Զինված ուժերը:
Ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր, և այդ ծրագիրը մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք պետք է, այդ ծրագրի իրականացման և բարեփոխումների համատեքստում, հաշվի առնենք և հաշվի նստենք բոլոր հետևությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում:
Այո՛, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից և նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը: Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, առավել ևս, որ մենք մեր ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների համատեքստում անվտանգային որոշակի պարտավորություններ ունենք՝ նաև տարածաշրջանային նշանակության: Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին՝ ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլև մենք նույնպես ունենք պարտավորություններ, և այս համատեքստում այդ պարտավորությունները պետք է լիարժեք ի վիճակի լինենք, կարողանանք կատարել, և Զինված ուժերի բարեփոխումները պիտի տեղավորվեն նաև այս տրամաբանության մեջ:
Շատ կարևոր է ընդգծել, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական հարցերը նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Գիտեք, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել, այդ աշխատանքային խումբը կայացրել է որոշումներ, արդեն իսկ տեղի է ունենում առաջին ծրագրերի իրականացումը, բնակարանաշինության ծրագիր է իրականացվում Շուռնուխ համայնքում: Մենք այնտեղ բնակարանների կառուցում ենք մեկնարկում: Եվ կրկին մեկ կարևոր փաստ՝ եթե չեմ սխալվում, անկախությունից ի վեր, ինչպես, օրինակ, Տավուշի մարզի Չինարի գյուղում, այնպես էլ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տուն չի կառուցվել:
Սա, իհարկե, շատ տխուր փաստ է, և շատ տխուր է այն, որ մենք տնաշինության ծրագիրն սկսում ենք ահա այս իրավիճակում և այս առիթով։ Մենք շարունակելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը Սյունիքի մարզում, և այս համատեքստում մեզ համար չափազանց կարևոր է անդրադարձ կատարել նաև այն հարցին, թե, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ինչ բարեփոխումներ ունենք իրականացնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հասարակությունը համոզված լինի, որ ազգային հարստությունից իրեն հասանելիք պատշաճ բաժնեմաս, չափաբաժին է ստանում և ոչ թե դա, այնուամենայնիվ, գտնվում է անձանց վերահսկողության տիրույթում»։
Վարչապետն անդրադարձավ նաև Մեղրիում այսօր տեղի ունեցած միջադեպին, նշելով, թե հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ ստեղծվի։ Նա ԱԱԾ պետին և ոստիկանապետին ասաց, թե հույս ունի, որ բոլոր մեղավորները հասարակության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։ Վարչապետին զեկուցվեց, որ տեղի ունեցածի առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցվել։
Հիշեցնենք, որ վարչապետը երեկ Սյունիքի մարզ է մեկնել։ Այսօր Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում ընդդեմ վարչապետի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Հավաքված բնակիչները պահանջել են, որ վարչապետը հեռանա իրենց մարզից։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ Facebook-ում գրել էր, որ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ էին և որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։