Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Սյունիքում, վկայությունն է այնտեղ գտնվող մարդկանց սադրիչ գործողությունների։ Դրանք մարդիկ են, կոնկրետ շրջանակներ, օրինակ՝ Մեղրիի քաղաքապետի գլխավորությամբ գործող 30 հոգանոց բանդան, որոնք իրենց պահում են, մեղմ ասած, ոչ պատշաճ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը։
Այդ մարդիկ բոլորը Մեղրիի կամ Ագարակի համայնքապետարանում, Ագարակի կոմբինատում են աշխատում կամ նույն անձի բարեկամներն են։
«Ես ուրախ կլինեմ, եթե դուք խոսեք Մեղրիի ու Ագարակի համայնքների բնակիչների հետ, մի ռեպորտաժ էլ նրանց հետ պատրաստեք, տեսնեք՝ էդ մարդիկ ի՞նչ են ասում»,- ասաց Դավոյանը։
Նա հավելեց, որ եղած տեսանյութերում հստակ երևում է Մեղրիի քաղաքապետը, որն այնտեղ, իբր, կատարում է հաշտարարի դեր, սակայն բոլոր հավաքվածներն իր բարեկամներն են։
Դավոյանը նաև միտում է տեսնում այն բանի մեջ, որ վարչապետի մյուս մարզային այցելությունները այնպես չեն լուսաբանում, ինչպես Սյունիքինը լուսաբանվեց։ Նա համոզված է, որ ցույցը կազմակերպած սյունեցիները պատժվելու են։
Այն մասին, թե ինչպես է Փաշինյանը հակադարձել պատահական քաղաքացուն ու նրան ասել՝ արա, դո՛ւ ես կապիտուլյանտը, պատգամավորն ասաց՝ լավ ա անում վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ նրան այնքան էլ լավ չեն դիմավորել։ Նրան Ագարակում հայհոյախառը վանկարկումներով են ուղեկցել, իսկ Մեղրի ու Քաջարան առհասարակ մտնել չեն թողել։