«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ըստ էության ուներ իրադարձությունների զարգացման վրա ազդելու երկու սցենար։
Նա կամ պետք է հետեւություններ կատարեր առ այն, որ ընդհանրապես Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում, կան իսկապես լրջագույն խնդիրներ, ինքն այդ մարզում ոչ միայն հեղինակություն չունի, այլ, օբյեկտիվորեն կամ ոչ, արժանացել է հասարակության ատելությանը, ինչը նրան պետք է ստիպեր դուրս գալ ֆեյքային պսեւդոիրականությունից եւ առերեսվել դառը, տհաճ իրականությանը՝ դրանից բխող հետեւանքներով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայրենի իշխանությունները որոշել են, որ այս նախընտրական ժամանակահատվածում իրենց թիմի ոչ բոլոր անդամները պետք է խոսեն, հարցազրույցներ տան, մեկնաբանություններ անեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրվա մեջ 4-5 հաղորդագրություն է ուղարկում իր թիմակիցներին, որտեղ նշվում է, թե տարբեր թեմաների հետ կապված ով ինչ պետք է խոսի, ինչ բովանդակությամբ:
Մենք տեղեկացանք, որ որոշում կա նաեւ, որ ներքաղաքական տարբեր հարցերի մեկնաբանությունները դրված են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուսերին, հիմնական խոսողներից է լինելու խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ արտաքին հարաբերությունների վերաբերյալ՝ ՔՊ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։ Մեզ ասացին, որ նրան պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արցախի նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա, ավելին՝ շատերն են համոզված, որ օրումեջ կարծիք փոխող Նիկոլ Փաշինյանին վստահել ու հավատալ չի կարելի, այսինքն, դեռ պարզ չէ՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, այնուամենայնիվ, գործող իշխանությունները «մյուսներից մեկ քայլ առաջ» սկզբունքով նախորդ մի քանի օրերին լծված են եղել տեղերում նախապատրաստական աշխատանքներ կատարելու գործին։
Բացի վարչական ապարատի մոբիլիզացիայից ու նախնական հաշվարկներից, այս օրերին լուրջ քայլեր են իրականացնում մարզերում նախընտրական շտաբների համար տարածքներ գտնելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի ոստիկանությունում։ Աշխատանքից ազատվեցին Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։ Նույն օրը նշանակումներ եղան։ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվեց կադրերի ռեզերվ։
Երեկ Հակոբյանին հարցրինք՝ կապ տեսնո՞ւմ է իր ազատման եւ մարզում ծավալված դեպքերի միջեւ, գուցե ինքը լավ չէ՞ր կատարում իր պարտականությունները կամ ժողովրդի նկատմամբ ճնշում չէր գործադրում, ուստի ազատեցին։ Նա նախ ասաց, որ Սյունիքի իրադարձություններից տեղյակ չէ, ապա նշեց, որ կապ չի տեսնում, իսկ իր պաշտոնանկությունը պետք է դիտարկել ոստիկանությունում պարբերաբար ընթացող փոփոխությունների համատեքստում»։