Կառավարության ապրիլի 22-ի նիստում քննարկվող նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն գործարկելու համար:
Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել 2020 թվականի փետրվարի 4-ին ընդունված «Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության այլ շերտերի հոգեբանական կարգը հաստատելու մասին» Կառավարության ընդունած որոշումը։
Հայտարարվել է բաց մրցույթ, որի հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը», որն էլ կզբաղվի նշված անձանց հոգեբանական վիճակի բարելավման, տագնապի մակարդակի իջեցման նպատակով ծառայությունների մատուցմամբ։ Ընկերությունը համապատասխան ծառայությունը կիրականացնի ֆինանսավորման հատկացումներից հետո 6 ամսվա ընթացքում։
Աջակցություն կստանան հիմնականում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած և այլ անհատներ։ Հնարավոր է հոգեբանական աջակցություն ստանալ նաև հեռախոսազանգի միջոցով։ Քաղաքացին ինքն է որոշելու՝ ինչպես ստանալ այն։
Ինչպես ներկայացրեց ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանը՝ նախնական պայմանավորվածությամբ շահառուների ցուցակը տրամադրելու է ՊՆ-ն, սակայն հետագայում կարող են ցուցակներ տրամադրել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, ինչո՞ւ չէ՝ նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունները։