Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Դեյվիդ Վալադաոն և Ջեքի Սփեյերը ստորագրահավաք են նախաձեռնել, որով ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ արդեն միացել են այս նախաձեռնությանը:
«Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը կարող է այս շաբաթ վերջ դնել ամերիկացիների ներգրավման խայտառակ ժամանակաշրջանին»,- ասել է ANCA- ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ ընդունեց, որով հայերի կոտորածը ճանաչվում է որպես պաշտոնական ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց նմանատիպ բանաձև, որով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվեց որպես ցեղասպանություն:
Նշենք նաև, որ 1981 թ. ապրիլի 22-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր հայտարարության մեջ նշել է.«Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես Հոլոքոստին նախորդած Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած ցեղասպանությունը չպետք է մոռացվի»:
Հետագա տարիներին ԱՄՆ նախագահները չեն օգտագործում «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Իր առաջին նախագահական խոսքում Բարաք Օբաման նույնպես խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, բայց հայերեն օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը: