ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատանն ընդունեց դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Կողմերը միմյանց ողջունեցին, փոխանակվեցին մտքերով։
Դեսպան Կոպիրկինն ասաց, որ Ծառուկյանն այն ընդդիմադիր գործիչներից է, որը մշտապես հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման օգտին։ Նաև ընդգծեց, որ իրենց համար կարևոր է Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած կուսակցության աջակցությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում։
ԲՀԿ նախագահի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային զարգացումն այլընտրանք չունի։
Միանշանակ անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, ռազմավարական փոխգործակցությունը։ Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է բարգավաճեն համատեղ։
Գագիկ Ծառուկյանը հատուկ ընդգծել է Հայաստանի ներքաղաքական դաշտի հակառուսական տրամադրությունների անթույլատրելիությունը։
«Ով որ զբաղվում է հակառուսական գործունեությամբ, միևնույն ժամանակ զբաղվում է նաև հակահայկական գործունեությամբ։ Խոչընդոտելով հայ-ռուսական հարաբերություններին՝ նրանք խանգարում են մեր երկրի զարգացմանը»,- ասաց Ծառուկյանը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձման գործընթացը և ներքաղաքական օրակարգին վերաբերող հարցեր։