Սյունիքի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված հայհոյանքներն անպատասխան չեն մնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Փաշինյանի ընտանիքի անդամը պատասխանում է փեսայի հասցեին վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնողներին։
«30-40 խուժանի հավաքելով մի տեղ, ինչպես իրենք են ասում, անհնազանդության ակցիաներ կազմակերպեցին։ Որպես նաև քաղաքական թիմի անդամ, ասում եմ՝ դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ։ Բոլոր այն հայհոյանքները, որոնք հնչեցվել են, տառ առ տառ, բառ առ բառ ուղղում են իրենց։ Այդ հայհոյանքներն ուղղում են նաև այդ մարդկանց քաղաքական հայրերին, հրահանգ տվողներին»,- վրդովվեց Հրաչյա Հակոբյանը։
Իշխանական պատգամավորի տպավորությամբ՝ Սյունիքում Փաշինյանի դեմ իրականացված ակցիաները կազմակերպված են։
«Պետք է դրանք բերման ենթարկվեն։ Պետք է այ տենց ստորացնելով բերման ենթարկել։ Խուլիգանություն են արել, որը պատժվում է օրենքով»,- նշեց նա՝ նաև հավելեց, որ իրենց նման հանդուրժող իշխանություններին մեղադրում են բիրտ ուժ կիրառելու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում․