Ներկա դրությամբ ինձ հայտնի է, որ երեկ խուզարկություններ են տեղի ունեցել ինչպես Մեղրիի համայնքի ղեկավարի, այնպես էլ այլ բնակիչների տներում։ Անդրադառնալով երեկ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին հաջորդած ոստիկանական գործողություններին՝ News.am-ի հետ զրույցում այս մասին նշել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, նրանց թվում նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էր։
Անդրադառնալով ակցիաներին հաջորդած գործողություններին՝ նա հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով խուլիգանության հանցակազմով քրեական գործ է հարուցվել։
«Ցանկացած իրավագետ, ուսումնասիրելով երեկվա կադրերը, կարող է ասել, որ այնտեղ ո՛չ բռնություն կա, ո՛չ էլ բռնության սպառնալիք։ Այսինքն, ստացվում է՝ փորձում են ինչ-որ ծանրացնող հանգամանքներով որակավորել այդ գործողությունները»,-ասաց նա։
Անդրադառնալով մարզում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առկա աջակցությանը՝ նա հավելեց․ «Ես չեմ բացառում այն հանգամանքը, որ տարածաշրջանում կան նիկոլապաշտներ կամ Նիկոլի կողմնակիցներ, որոնք փոքրամասնություն են կազմում։ Բայց հիմնականում տրամադրությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում Սյունիքում՝ պատերազմի ու պատերազմի հետևանքների պատճառով»։
Փարսյանը նշեց, որ մեծ թվով ոստիկանական ուժեր կան մարզում․ «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Կապանում էր։ Իմ տեղեկություններով՝ Կապանում է նաև ԱԱԾ պետը։ Ոստիկանապետն էլ է մարզում»։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ կապված երեկվա ակցիայի հեղինակներին տեսանելի կերպով պատժելու ու դրանից բխող հնարավոր հետևանքներին՝ Փարսյանը հավելեց․ «Բացի Նիկոլ Փաշինյանի էմոցիաներից, որևէ լուրջ բան չեմ տեսնում»։