Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխաններն ստացել է։
Արմեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս իրենց հրապարակումներն առանձին չկարդալ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ դրանք կարդալու համար պետք է բացել Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել իրենց գաղտնազերծումը։
«Երբ ասում է՝ հունիսի 8-ին նշանակվելուց հետո, մի քանի օր անց Անվտանգության խորհրդին եմ ներկայացրել ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակը։ Բացում ենք ԱԽ նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Հասկանում ենք, որ սուտ է ասում»,- ասել է նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ պատերազմը կանգնեցնել առաջարկող գեներալը չէր կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք:
«Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանն իր տեքստում ասել՝ կանգնեցրեք 2-3 օրում, որը սուտ է, իսկ զեկույցում ասել, որ թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել, ասել, որ բանակն իր խնդիրները կատարում է ու շարունակելու է կատարել: Մեր հրապարակած տեքստը բավարար էր, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Եթե մենք ամբողջ տեքստը հրապարակենք, այդ խմբակը հետո էլ կարող է պահանջել, որ վիդեո հրապարակենք, թե ով ինչքան ջուր է խմել»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ ԱԽ-ն հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ։
Պաշտոնաթող ԳՇ պետն ի պատասխան հայտարարել էր, որ տեքստն ամբողջական չէ, և պահանջում էր, որ հրապարակվի իր և նախագահի ելույթն ամբողջությամբ։