Հայաստանի իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Սյունիքի 16 բնակիչների: Այս մասին լրագրողներին տված զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Նրա խոսքով՝ այս բոլոր քաղաքացիներին կալանավորելու որոշում կա: Պատգամավորը նաև ասաց, որ անհամաչափ ուժ է կիրառվել նրանցից երկուսի նկատմամբ: Ըստ Իսայանի, քաղաքացիներին բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները: Պատգամավորը նկատեց, որ նրանք բոլորը Սյունիքի բնակիչներ են, մասնավորապես նրանց մեջ կան Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ագարակի, Շուռնուխի, Որոտանի բնակիչներ:
Իր հերթին, ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ, ըստ ձերբակալվածներից մեկի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել: Պատգամավորն ասաց, որ բոլոր քաղաքացիները մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի 258 հոդվածով՝ (խուլիգանություն):