Առաջիկայում՝ մինչև ամսվա վերջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե երբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը:
Նա, սակայն, հստակ օր չասաց, թե երբ վարչապետը հրաժարական կներկայացնի։
Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դաշինքի ձևավորման հնարավորության մասին՝ Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա:
Նա նաև նշեց, որ ընտրական ցուցակին անդրադառնալու են մայիսին, դեռևս վերջնական որոշում չկա թե՛ ցուցակի և թե՛ հետագա պաշտոնների հետ կապված։
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական կտա։