Սյունիքի սահմանային հատվածներում կրակոցները պարբերաբար են՝ պատերազմից ի վեր: Իսկ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին այդ կրակոցներն ավելի ինտենսիվ են: Դրանք ադրբեջանցիների ու թուրքերի՝ արդեն ավանդական դարձած գործողություններն են. սադրիչ ու ագրեսիվ դրսևորումներ:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին այս մասին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Եթե մենք կորցնում ենք Սյունիքը, ապա Երևանի հարցն օրակարգինց ավտոմատ կերպով հանվում է: Այսօր սյունեցին միայն Սյունիքի հարցը չի բարձրացնում, նա բարձրացնում է ամբողջ Հայաստանի հարցը, քանի որ շատ լավ է տեսնում՝ ինչ է կատարվում այնտեղ ամեն օր»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ ստեղծված իրավիճակի միակ լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է:
Հակոբյանն ասաց, որ վարչապետը պետք է դա գիտակցի ու հեռանա, եթե, իհարկե, միտումնավոր չի տանում երկիրը կործանման:
Կասկածները, թերևս, ծնվում են նրանից, որ օրերս Սյունիքի ձայնը լռեցնելու փորձերը, Հակոբյանի կարծիքով, ոչ այլ ինչ են, քան կազմակերպված ապօրինի գործողություններ Սյունիքի դեմ: