«Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին միայնակ է մասնակցելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա հավատացած է, որ ԲՀԿ-ն անպայման հաղթելու է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
«Հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50 + 1 տոկոս ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար։ Հասունացել է այն պահը, որ մենք պետք է մեր լիդերով, մեր ծրագրով հաղթանակ տանենք։ Երկրում օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվել, որ ղեկավարն այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է լինի, որը երբևիցե իշխանության չի եղել»,- նկատեց պատգամավորը։
Հարցին՝ կոալիցիա կազմելու դեպքում պնդելո՞ւ են, որ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար, Մելքումյանը հարցով արձագանքեց՝ «Բա հաղթելու դեպքում ո՞վ լինի»:
Նա նաև նշեց, որ կլինեն քաղաքական համախմբումներ, բայց հիմա դրա մասին չեն խոսում։
Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստանում» ընտրացուցակի հարց առայժմ չի քննարկվում, քանի որ դեռ վաղ է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում․