ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ընդգծելով, որ այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում՝ Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:
Ներկայումս Ադրբեջանը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է մերժել և խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին:
Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մատնանշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը և փաստահավաք գործունեությունը, որը միջազգային ատյաններում մշտապես բարձրաձայնում է հայկական կողմի մտահոգությունների ու առկա խնդիրների մասին:
Նշելով, որ Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը՝ կոչ անելով միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար: