Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստում որոշում է ընդունել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։
Նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներիի հարցին ի պատասխան նշեց, որ չեն քննարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը։
«Մենք մանդատների համար պայքար չենք տանելու։ Մենք պայքարելու ենք, որ նավը չսկի: ՀՀԿ-ի խնդիրը հինգ տոկոսը հաղթահարելը չէ։ Մենք այդ հինգ տոկոսը հաղթահարել ենք նաև 2018-ին»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմեն, արդյոք կա Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան անձնական բարիեր, որ դեռ հաղթահարված չէ, Աշոտյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ ես պատիվ ունեմ լինելու Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր ընկերը, հետևաբար մեկնաբանել իրենց մարդկային հարաբերությունները անշնորհակալ գործ է։ Իհարկե միշտ էլ տարբերություններ եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների միջև։ Այդ տարբերությունները միշտ են եղել՝ 2000-ականներին, երբ Քոչարյանը նախագահ էր, իսկ Սարգսյանը տարբեր պաշտոններ էր զբաղեցնում։ Բայց ոչ մի տարաձայնություն, տարակարծություն սկզբունքային չի եղել ռազմավարական նպատակներին հասնելու համար»։
Աշոտյանի խոսքով՝ «Տակտիկական մոտեցումները կարող են լինել տարբեր, ռազմավարությունը՝ ընդհանուր։ Հիտլերին հաղթել են Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը, ոչ թե նրանցից որևէ մեկը առանձին վերցրած»։