Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է« Հայերն այսօր»-ը:
Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում:
Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 – 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։