Զարմանալի է այն ոգևորությունը, որն առաջացրել է «Ժողովուրդ» թերթը և «ArmLur.am» կայքը վաճառելու առաջարկը՝ հեռուստաալիք ստեղծելու նպատակով:
Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԶԼՄ-ի հիմնադիր և սեփականատեր, ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա ասաց, որ զարմացած է լրատվամիջոցը վաճառելու մասին լուրի շուրջ ստեղծված աղմուկից, քանի որ կոնկրետ որոշում չունի, քննարկումներ են տեղի ունենում։ Նպատակը երկկողմանի շահերը ոչ թե հակադրելն է, այլ համադրելը։
Իսկ ինչ վերաբերում է Թովմասյանի՝ տարբեր ընտրական ցուցակներում գրանցվելու մասին լուրերին, ապա նա ասաց, որ աղմուկն անտեղի է։
«Եթե որևէ բան եք ուզում գրել, հարգելի՛ գործընկերներ, ճշտեք՝ նոր գրեք։ Համենայն դեպս՝ ոչ ես եմ հաստատել լուրը, ոչ էլ Վանեցյանը»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ իր համար կան մի շարք հիմնային հարցեր՝ երկրի անվտանգության, ազգային արժանապատվության, Հայաստանի ու Արցախի ապագայի վերաբերյալ։ Հետևաբար՝ բոլոր կողմերից, որտեղից առաջարկ է ստանում, պետք է ստանա այդ հարցերի պատասխանը։