Ադրբեջանցու կողմից «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժնի ձեռքբերումը, փաստորեն, անօրինական է։ Այս մասին գրել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Այս հարցով գրավոր դիմել էի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։ Ստացել եմ հետևալ պարզաբանումները.
2019 թվականին, առանց Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովի համաձայնության ադրբեջանական «NEQSOL Holding» ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի 49%-ը, ինչը Հաղորդակցության հանձնաժողովի կողմից ճանաչվել է անօրինական:
2020 թվականի հուլիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը Հաղորդակցության հանձնաժողովին թույլ է տալիս իր որոշումների կատարումը ապահովելու նպատակով խախտում կատարած ընկերությունում նշանակել «հատուկ կառավարիչ», որը կապահովի Հաղորդակցության հանձնաժողովի որոշումների կատարումը:
Իրականացրած փոփոխությունները բացասական արձագանքի են արժանացել Վրաստանի հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների կողմից, խնդրին անդրադարձել է նաև արևմտյան մամուլը: 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ արձանագրելով փոփոխությունների արդյունքում սեփականության, մամուլի ազատության, ինչպես նաև արդար դատավարության իրավունքներին առնչվող հարցերում ի հայտ եկած խնդիրներ:
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում իրականացված փոփոխությունից հետո 2020թ. օգոստոսի 24-ին Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովը կրկին պահանջել է «Caucasus online» ընկերությունից բաժնեմասերը վերադարձնել առաջնային վիճակի, սակայն արդյունքի չհասնելով՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին ընկերությունում նշանակել է հատուկ կառավարիչ: Վերջինս օժտվել է բավական լայն լիազորություններով, այդ թվում՝ ընկերության ղեկավար կազմի կողմից ընդունվող որոշումները հաստատելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության կատարած ցանկացած գործողություն չեղարկելու հնարավորությամբ, եթե այն հակասում է սպառողների շահերին, պետության տնտեսական շահերին կամ շուկայի մրցակցային մթնոլորտին:
2021 թվականի մարտի 24-ին Հանձնաժողովը տարածել է հերթական հայտարարությունը՝ նշելով, որ 2020թ. օգոստոսին «NEQSOL Holding» ընկերությունների խմբի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Հասանովը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը՝ այսպիսով դառնալով ընկերության 100% բաժնեմասերի անօրինական սեփականատերը:
Այս կապակցությամբ 2021 թվականի մարտի 25-ին վրացական BMG լրատվական կայքին տված հարցազրույցում «NEQSOL Holding»-ի Ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Թեմուր Թաղիևը հայտնել է, որ իրենց ընկերությունը դիմել էր Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողով «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը գնելու նպատակով, սակայն առանց որևէ հիմնավորման մերժում էր ստացել: Արձագանքելով վերջինիս հայտարարությանը՝ մարտի 26-ին Հաղորդակցության հանձնաժողովը հայտարարել է, որ Ն.Հասանովը գիտակցաբար խախտել է Վրաստանի օրենսդրությունը, և արդեն մեկ տարուց ավել «Caucasus online» ընկերությունը գործում է անօրինական ձեռք բերված բաժնեմասերով:
Նշվել է նաև, որ Հաղորդակցության հանձնաժողովը ուներ բոլոր իրավասությունները ընկերության արտոնագրի չեղարկման համար, սակայն հաշվի առնելով ընկերության ծառայությունների ավելի քան 2,5 միլիոն սպառողների շահերը, ինչպես նաև հարևան երկրներում ինտերնետ հասանելիության խնդիրներ չստեղծելու անհրաժեշտությունը՝ որոշել է դրա փոխարեն ընկերությունում նշանակել հատուկ կառավարիչ:
Ներկայումս նախատեսվում են աշխատանքներ վրացի գործընկերների հետ փոխըմբռնման հիմքով միասնական դիրքորոշում ունենալու և տվյալ գործարքից բխող ռիսկերը կառավարելու ուղղությամբ:
«Հավելեմ նաև, որ «Caucasus online» ընկերության բաժնեմասերի՝ ադրբեջանական ընկերության կողմից գնման կապակցությամբ իր մտահոգությունը հայկական կողմը մի քանի անգամ հայտնել է վրացական կողմին, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով»-նշված է պարզաբանող պատասխանի մեջ։
Իմ հարցին՝ թե ինչ անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել գործարքը Հայաստանի համար, նախարարությունից պարզաբանումներ չեն տվել։ Սակայն, դատելով ներկայացրածից, որ «հայկական կողմը մի քանի անգամ հայտնել է վրացական կողմին ամենաբարձր մակարդակով» նշանակում է մտահոգվելու լուրջ առիթներ կան»,- գրել է Սամսոնյանը։