Չի կարելի ազգային անվտանգությունը դարձնել փոքր՝ ինչ-որ միջանձնային հարաբերությունները պարզելու հարց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Հերիք եղավ, բոլ եղավ։ Բոլորս շահագրգռված ենք, և յուրաքանչյուրիս թիվ մեկ պարտականությունը՝ երկրի անվտանգությունն ապահովվելն է, որին հասնելու հարցում պետք է գործ անել, այլ ոչ թե՝ այս կամ այն կերպ մանիպուլյատիվ դատողություններ անել, ինչն ավելի է վտանգում երկիրը»,- նշեց նա։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և ընդունվելու դեպքում դրանց՝ ուժի մեջ մտնելուն, Վարդանյանը հայտնեց, որ քաղաքական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող վերջին պահին փոխվել, խաղի կանոնները վերջին պահին չեն փոփոխվում, ԿԸՀ-ն պետք է հնարավորություն ունենա, ժամկետներ ունենա, որ կարողանա համապատասխան ենթաօրենսդրական ակտեր ընդունել, սա պետք է հասկանալ։
«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կա հստակ կոնսեսուս և ըմբռնում առ այն, որ փոփոխությունները պետք է գործի դրվեն ավելի ուշ»,- հավելեց Վարդանյանը։