ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Մովսես Հակոբյանը։
Նա հայտնեց, թե իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Դիտարկմանը, թե «Իսկանդերի» վերաբերյալ իր հայտնի հայտարարության վերաբերյալ են մեղադրանք առաջադրել, պատասխանեց՝ «Ոնց որ»։
Մովսես Հակոբյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ Այդ կապակցությամբ նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործ էր հարուցվել: Այս հայտարարությունների մասով Մովսես Հակոբյանը հրավիրվել է նաև ՀՔԾ:
Հիշեցնենք նաև, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։