Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է այն քննարկել փակ նիստում:
«Հարցը հանրային կարևորություն ու հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա: Բայց, միաժամանակ, աշխատանքների ընթացքում և եզրակացություն կազմելիս պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է՝ աշխատանքների արդյունքում կազմված փաթեթը պարունակում է մի շարք, նույնիսկ՝ բազմաթիվ պետական գաղտնիքներ: Փաստաթուղթը գաղտնագրվել է, գտնվում է ԱԺ համապատասխան ստորաբաժանումում, պատգամավորները կարող են գնալ, ծանոթանալ»,- նշեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել, և արդեն իսկ մի քանի փակ նիստ է տեղի ունեցել։ Հիշեցնենք նաև, որ նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: