Կա որոշակի վստահություն, որ այս անգամ Եվրոպայի խորհուրդն օգտագործում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար: Այս մասին Armenia today-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե Եվրախորհրդարանի որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ ռազմագերիների ճակատագրի վրա:
«Միշտ չէ, որ իմ հույսերը կապել եմ Եվրոպայի խորհրդի կամ Եվրախորհրդարանի հետ: Շատ երկար եմ աշխատում այդ կառույցների հետ և այդ աշխատանքի արդյունքում եկել եմ այն եզրակացությանը , որ այդ կառույցների որոշումներն առավելապես դեկլարատիվ բնույթ են կրում։ Բայց այս անգամ կարող եմ գրեթե վստահաբար ասել, որ հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական միության հայտարարությունը կհասնի իր նպատակին, և ԵԽ-ն կօգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իր բոլոր լծակները հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար»,- մեզ հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ ղեկավարների հետ իր հանդիպումների արդյունքում, որտեղ այժմ նախագահող է Գերմանիան, տպավորություն է ստեղծվել, որ այս անգամ կօգտագործվեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, որպեսզի հասնեն հայ ռազմագերիների ազատ արձակմանը:
«Նրանց համար դա շատ նուրբ հարց է։ Ականապատված դաշտերի քարտեզները ստանալու անհրաժեշտության մասին ադրբեջանական կողմի բոլոր փաստարկների վերաբերյալ պատասխանը մեկն էր. պետք չէ փչացնել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ, իսկ ականապատ դաշտերի հարցը ոչ մի կապ չունի ռազմագերիների հարցի հետ», – նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավելել է, որ նույնիսկ Գերմանիայի արտգործնախարարը, որը ներկայումս նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեն, շատ հստակ է արձագանքել ադրբեջանցի պատվիրակի ելույթին՝ ընդհատելով նրան և հայտարարելով, որ կօգտագործվեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները:
Զոհրաբյանը չբացառեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Նրա խոսքով, դա կարող է լինել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու, ինչպես նաև ԵԽ-ին անդամակցության կասեցման ձևով, եթե Ադրբեջանը մոտ ժամանակներս չլուծի հայ ռազմագերիների խնդիրը:
«Ես չակերտները չեմ բացի, բայց գրեթե վստահ եմ, որ առաջիկա ամիսներին մենք դրական արդյունքներ կունենանք հայ ռազմագերիների հարցում։ Չեմ կարող պնդել, որ ազատ կարձակվեն բոլորը, որովհետև այդ երկիրը մարդու իրավունքների Եվրոպական դատարանին չի տրամադրում ռազմագերիների ամբողջական ցուցակը։ Խորհրդարանում իմ աշխատավայրը մեր գերիների մայրերի շտաբի է վերածվել: Ես ամեն օր հանդիպում եմ գերեվարված հայ զինվորների հարազատների ու մտերիմների հետ, և մենք մոտավոր ցուցակներ ունենք: Իմ ցուցակում մոտ 300 անուն կա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշել է, որ ըստ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի՝ 172 ռազմագերիների վերաբերյալ հստակ տվյալներ կան: Բացի այդ, կան տեղեկություններ, որ 136 անձ կարող է գտնվել ադրբեջանական գերության մեջ:
Պատգամավորը նշեց, որ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի վրա ճնշումները շարունակվելու են: Պատգամավորի խոսքով՝ միջազգային կառույցների վրա շատ մեծ ազդեցություն է թողել Բաքվում, այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը։ Մոտ ժամանակներս կլինի եվրոպական երկրների բանաձևը՝ այդ խայտառակ «պուրակը» փակելու Բաքվին ուղղված պահանջով:
Հիշեցնենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։