Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Այս մասին հայտնում են ԱԳ լրատվական ծառայությունից։
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս հայտնվեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն հայտնեց սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության գոտուց ավելի քան 33 հազար քաղաքացիների էր տարհանել: Ապրիլի 28-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի բնակիչների միջև վեճ է տեղի ունեցել ջրաբաշխիչ կետի շրջանում, որը տաջիկական կողմը համարում է իր տարածքը, ղրղզական կողմը՝ վիճելի: Երկու կողմերից բախումների հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, ավելի քան 200-ը տուժել են: