Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Երեւան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ: Այնուհետեւ, մայիսի 10-11-ին, Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,- ասաց Զախարովան:
TACC-ը նշում է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Լավրովի ակտիվ շփումների առարկա: